Ղրղզստանի տարածքում Պենտագոնի տարանցիկ փոխադրումների կենտրոն տեղակայելու մասին այդ երկրի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքված պայմանագրի ժամկետը հուլիսի 11-ին ավարտվել է: Ամերիկյան ավիաբազան փակվել է:

Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով, ենթադրվում է, որ հիմա այդտեղ տեղակայվելու է Ղրղզստանի հանրապետության Ազգային գվարդիայի ստորաբաժանումներից մեկը: Միաժամանակ, երկրում մշտական սկզբունքով մնացել են միայն ռուսական զինվորականները:

Ամերիկացի զինծառայողները «Մանաս» միջազգային օդանավակայանի բազայից հեռացել են մի քանի շաբաթ առաջ: Բազայի գոյության ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերը մասնակցել են 33.500 ռազմական գործողությունների, 135.000 ինքնաթիռի վառելիք են լիցքավորել: 2001 թվականից այդ կենտրոնով անցել են 5.3 մլն զինծառայողներ 26 պետություններից, որոնք մասնակցում են Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններին: Ըստ 24kg.org-ի, բոլոր սարքավորումները, ինչպես նաեւ շուրջ 30 մլն դոլարի գույքը Միացյալ Նահանգները թողել է Ղրղզստանին:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 26-ին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ստորագրել էր երկրի տարածքում ԱՄՆ ավիաբազայի տեղակայման շուրջ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին օրենքը:

ԱՄՆ ավիաբազան ստեղծվել էր «Մանաս» միջազգային օդանավակայանում, 2001 թվականի դեկտեմբերին, Աֆղանստանում «Հարատեւ ազատություն» գործողության շրջանակում միջազգային կոալիցիոն ուժերին սատարելու նպատակով: Ավելի ուշ ավիաբազան վերանվանվել էր Տարանցիկ փոխադրումների կենտրոն: