Տաջիկստանի իշխանությունները Ղրղզստանից պահանջել են Բաթկենի շրջանում տեղակակայված Թամդիկ սահմանային անցակետը վերացնել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ղրղզական Սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնին:

 «Երկու պետությունների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների ժամանակ տաջիկական կողմը պահանջ է ներկայացրել Թամդիկ ղրղըզական սահմանային հենակետը վերացնելու եւ այնտեղից մեր սահմանապահներին դուրս բերելու մասին», - հայտարարել են բաժնում:

Հակառակ դեպքում «մոտ 30 Տաջիկստանի քաղաքացի պատրաստ են հարձակվել տվյալ հենակետի վրա եւ Տաջիկստանի իշխանությունները պատասխանատվություն չեն կրելու նրանց գործողությունների համար», հայտնել են Սահմանապահ ծառայությունում:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թամդիկի շրջանում ղրղըզ սահմանապահների եւ հարեւան հանրապետությունների նրանց կոլեգաների միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի արդյունքում մեկ մարդ զոհվել էր, եւս 6-ը՝ վիրավորվել:

Բիշքեքը այս միջադեպի համար Տաջիկստանի քաղաքացիներին է մեղադրել, ովքեր քարեր են նետել ղրղըզ զինծառայողների ուղղությամբ՝ զինված բախում հրահրելով: