Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկնարկային փաստաթուղթը մադրիդյան հայտնի սկզբունքներն են: Դրանք երեք կետից են բաղկացած, որոնցից մեկը ուժի կիրառումից եւ դրա կիրառման սպառնալիքներից զերծ մնալն է:
Այս մասին հուլիսի 11-ին Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ (Բաստիլի գրավման օրվա) կազմակերպված տոնական մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ մեկնաբանելով շփման գծում ադրբեջանական կողմի վերջին դիվերսիաները:
Այդ պատճառով, ընդգծել է դեսպանը, 2009թ.-ից ի վեր համանախագահ երկրները բարձր ղեկավարության մակարդակով կողմերին կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից. «Եվ ուժի չկիրառման դրույթի կարեւորությունից ելնելով՝ Ֆրանսիան բազմիցս կողմերին կոչ է արել զերծ մնալ շփման գծում իրավիճակի լարումից», - ընդգծել է Անրի Ռենոն:
Անդրադառնալով հարցին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները միշտ կոչով դիմում են երկու կողմերին, այնինչ ակնհայտ է, թե կողմերից որն է խախտում հրադադարը, Ռենոն նշել է. «Դիվանագիտությունն իր կանոններն ունի, եւ հենց դրանց պահպանմամբ են բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարծիք հայտնում: Սահմանված են խաղի կանոնները, որոնք ընդունվել են բոլոր երկրների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից: Ես հասկանում եմ հարցը, բայց դիվանագիտության կանոնները մամուլի կանոնները չեն»:
Հիշեցնենք, ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանի հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, օրերս ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներխուժման հերթական փորձն էր ձեռնարկել:





























