ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի մասնակցելու Իրանի միջուկային խնդրի շուրջ հուլիսի 13-ին Վիեննայում նախանշված Թեհրանի եւ «վեցյակի» նախարարական հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ մեջբերելով Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովի հայտարարությունը:

Վորոնկովը պարզաբանել է, որ հուլիսի 13-ին Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցելու է Լատինական Ամերիկայում շրջագայության ժամանակ:

Հիշեցնենք, որ միջազգային միջնորդների վեցյակում ընդգրկված են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Չինաստանն ու Գերմանիան:

Հուլիսի 9-ին եվրոպական դիվանագիտության ղեկավարի քարտուղար Մայքլ Մենը հայտարարել էր, որ միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ բանակցություններում «վեցյակը» հանդես է գալու որպես մեկ ամբողջություն:

Այնուհետեւ հայտնի դարձավ, որ բանակցություններում Ռուսաստանը ներկայացնելու է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: