Ես անհանգստանում եմ այն ժողովուրդների ճակատագրի համար, ովքեր գերադասում են ռեւանշի կամ տարածքների վերադարձման գաղափարը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով, հարկ է մտածել այն մասին, թե նման մոտեցման դեպքում ինչպես իրեն պետք է պահի Ռուսաստանը, որն այդքան կորցրել է Խորհրդային Միության փլուզումից հետո: Ռուսաստանցի քաղաքագետի խոսքով, Մոսկվան ամենից շատ մտահոգվելու առիթ ունի այդ կապակցությամբ, բայց Կրեմլը վերադարձը պետական ուղենիշ չի հռչակում: «Քանի որ դա նշանակում է ժողովրդին փակուղի մտցնել»,- մանրամասնել է նա:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին հարցին՝ Զատուլինը նկատել է. «Ես չեմ կարող դա բացառել, քանի որ ռեւանշը որոշ դեպքերում ազգային գաղափար է դառնում»:

Նշենք, որ հունիսի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է երկրի ռազմական դոկտրինը, որը թույլ է տալիս «օկուպացված տարածքների ազատագրումը» ռազմական եղանակով եւ օտարերկրյա ռազմաբազաների ստեղծումը երկրի տարածքում: