Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Տավուշի մարզի ‹‹Դիլիջան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ եւ ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի ‹‹Իջեւանի դենդրոպարկ›› հիմնարկ:
‹‹Դիլիջան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին միասնական աշխատանքի եւ առկա դժվարությունները հաղթահարել կարողանալու համար` միաժամանակ ընդգծելով. ‹‹Դիլիջան ազգային պարկը›› մեր ազգային հարստություններից է եւ մենք պետք է առավելագույն ուշադրություն եւ հետեւողականություն ցուցաբերենք տարածքի պահպանման հարցերում: Մենք պետք է կարողանանք բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքներից ճիշտ օգտվելու մշակույթը մեր երկրում եւ խստագույնս պատժել չարաշահումներ եւ խախտումներ թույլ տվողներին` անկախ սոցիալական դիրքից››:
Արամայիս Գրիգորյանը որոշակի խնդիրների եւ թերացումների շուրջ դիտողություններ է արել ազգային պարկի տնօրինությանը, հույս հայտնելով, որ շատ մոտ ապագայում դրանք կշտկվեն եւ կհարթվեն:
Նախարարը WWF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի ուղեկցությամբ այցելել է նաեւ կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման համատեղ ծրագրի շրջանակներում Դիլիջան ազգային պարկի տարածքում հատկացվելիք հնարավոր վայրը, ծանոթանալու եղջերուների բուծման պայմաններին: Արամայիս Գրիգորյանը կարեւորել եւ ողջունել է կովկասյան ազնվացեղ եղջերուի Հայաստան վերադարձի ծրագիրը, ինչը կխթանի նաեւ տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացումը: ‹‹Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնի ստեղծման տարածքի ընտրությունը պետք է պայմանավորվի մի քանի հանգամանքներով: Բացի այն, որ տեղանքը նպաստավոր պետք է լինի եղջերուների բուծման համար, այն նաեւ սոցիալական խնդիր է լուծելու` ստեղծելով աշխատատեղեր մոտակա գյուղի բնակիչների համար: Ազնվացեղ եղջերուներին կերակրելու եւ նրանց վայրի բնության գրկում հետեւելու հնարավորությունը մեծ խթան կհանդիսանա էկոտուրիզմի զարգացման համար››,-եզրափակել է նախարարը:
Նախարար Արամայիս Գրիգորյանը մարզային այցի շրջանակներում ՀՀ ԲՆ ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի ղեկավար Գեւորգ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է նաեւ ‹‹Իջեւանի դենդրոպարկ›› հիմնարկ, որտեղ ծանոթացել է ծառերի եւ թփերի հազվագյուտ տեսականին եւ դրանց պահպանման պայմաններին: Դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանը ներկայացրել է աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու նախանշված ծրագրերը: Նախարարը հրահանգել է ուժեղացնել պահպանվող բուսատեսակների հսկողությունը եւ ներկայացնել հստակ ծրագրեր պարկի հնարավորությունների ընդլայնման, էկոտուրիզմի զարգացման հեռանկարների վերաբերյալ:











