Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5-ից բերման ենթարկելուց հետո, ոստիկանության պնդմամբ, անմիջապես բուժօգնություն է ցուցաբերվել: Կիվիրյանին Կոմիաս 5-ի դեպքով վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության հայցի քննությանն այսօր՝ հուլիսի 11-ին, Վարչական դատարանում ոստիկանության աշխատակիցը դատարանին ներկայացրեց տեղեկանք, ըստ որի՝ այդ օրը «Շտապօգնությունը» կանչվել է հենց Կիվիրյանի համար՝ բերման ենթարկվելուց մոտ կես ժամ անց: Կիվիրյանի ու նրա փաստաբանների համոզմամբ՝ փաստաթուղթը կեղծ է, քանի որ իրենք ապացույցներ ունեն, որոնցով պարզ է դառնում, որ «Շտապօգնությունը» Կիվիրյանին բուժօգնություն ցույց տալու համար չի գնացել ոստիկանության բաժին:

«Երբ ինձ բռնի կերպով տարել են ոստիկանության բաժին, ես այնքան վատ էի, որ ինձ անգամ ներս չեն մտցրել: Դրանից հետո ես երկար ժամանակ նստած էի ոստիկանության բակում, բայց ոստիկանությունը «Շտապօգնություն» չէր կանչում: «Շտապօգնության» մեքենան, որ հատնվել է այնտեղ, հայտնվել է այլ կանչով»,- նիստի ավարտին NEWS.am-ին ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ ոստիկանությունը պնդում է, որ «Շտապօգնություն» կանչվել է Կիվիրյանին բերման ենթարկելուց մոտ կես ժամ անց՝ մոտ 16:30-ին, իրենք ունեն փաստաթուղթ, որում նշված է, որ Կիվիրյանը հիվանդանոց է տեղափոխվել 17:20-ին՝ մոտ մեկուկես ժամ անց: Լուսինե Սահակյանը նշեց, որ հաջորդ դատակա նիստերին իրենք դատարանին կներկայացնեն իրենց ունեցած ապացույցները:

«Ունենք տեսանկարահումներ, որոնցում երեւում է, որ երբ Արգիշտի Կիվիրյանն առանց օգության,  գետնին պառկած վիճակում գտնվում էր ոստիկանության բակում, այդ  նույն վայրում էր գտնվում նաեւ «Շտապօգնության» մեքենան, եւ իրենք վերեւում օգնություն էին ցույց տալիս լրիվ այլ անձի: Այնուհետեւ ոստիկանությունից դուրս գալուց հետո մեր բազմաթիվ պնդումներից հետո նոր Կիվիրյանին օգնություն են ցույց տվել: Ընդ որում, ոստիկանությունն արգելում էր Արգիշտի Կիվիրյանին օգնություն ցույց տալ ու տեղափոխել հիվանդանոց, սակայն բժիշկը, տեսնելով Արգիշտի Կիվիրյանի վիճակը, պնդեց, որ նա տեղափոխվի հիվանդանոց»,-ասաց փաստաբանը՝  նշելով, որ նույն դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժող Վահան Վրթանեսյանն իր ցուցմունք ասել էր, որ այդ օրն իր համար են «Շտապօգնություն» կանչել:

Հիշեցնենք, որ Կիվիրյանը օգոստոսի 24-ին բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեից եւ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Կիվիրյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի ցնցում էին ախտորոշել:Ոստիկանությունը իր աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրգործ էր հարուցել Արգիշտի Կիվիրյանի դեմ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը զեկուցագիր էր գրել, իբր Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Կիվիրյանն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ոստիկանների ապօրինությունների վերաբերյալ։