Հայաստանում դեղ արտադրողների և ներմուծողների միջեւ, ըստ էության, մրցակցություն չկա։ Այսօր` հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը՝ հավելելով, որ դեղորայքի շուկայում կան 27 դեղ ներմուծող եւ 14 դեղ արտադրող ընկերություններ: Նրա խոսքով, դեղ արտադրող ընկերությունները գրավում են շուկայի 10-12 տոկոսը, իսկ հիմնական մասը ներմուծվում է:
Ս. Զաքարյանի ներկայացմամբ, Հայաստանում արտադրվող դեղերի կեսն արտահանվում է: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել GNP չափանիշները, որոնց հիման վրա են որոշ երկրներ ընդունում այլ երկրներում արտադրված դեղամիջոցները: Այժմ միությունն Առողջապահության ու Էկոնոմիկայի նախարարությունների հետ համատեղ մշակում է այդ ստանդարտները, դրանք միտված են արտադրությունը որակյալ ու մաքուր դարձնելուն: Հարցին՝ եթե չկան այդ չափանիշները, ինչպե՞ս են դեղերն արտահանվում, Ս. Զաքարյանը պատասխանեց, որ այդ դեղերը արտահանվում են միայն ԱՊՀ երկրներ, որոնք չեն պահանջում այդ չափանիշները: Նրա խոսքով, Եվրոպական շուկաներ մտնելու համար այդ չափանիշները պարտադիր են: Ինչ վերաբերում է ՀՀ ներմուծվող դեղերին, ապա Եվրոպայից, ԱՄՆ-ից ու Ճապոնիայից ներմուծվող դեղերը համապատասխանում են նշված չափանիշներին, իսկ ԱՊՀ երկրներից ներմուծվող դեղերի համար Հայաստանը նման չափանիշների մասին վկայող հավաստագիր չի պահանջում:


























