ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խորտկարանում ընդմիջման ճաշը արտահերթ է ստացել, սակայն որպես պատճառած անհարմարությունների փոխհատուցում՝ վճարել է մի քանի այցելուների պատվերը:
Երեկ՝ հուլիսի 10-ին, Տեխասի Օսթինում ելույթից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է ածուխի վրա մսից ճաշատեսակներով մասնագիտացված տեղական Franklin Barbecue խորտկարանը: Նա շրջանցելով երկար հերթը՝ միանգամից մոտեցել է դրամարկղին եւ առաջարկել վճարել իրենից առաջ կանգնած մարդկանց պատվերը: Ամերիկացիներ Բրյուս եւ Ֆեյթ Ֆինսթեդները խնդրել են գնել նաեւ սեղանիկին նստած ընտանիքի մյուս երկու անդամների համար հետեւյալ գրիլ ճաշատեսակները. 1.3 կգ տավարի միս, 1 կգ կողոսկր, 200 գրամ նրբերշիկ եւ այդքան էլ հնդկահավ:
Օբաման որոշել է սրամտել պատվերի ծավալի հաշվով՝ հարցնելով. «Բայց սպասեք, սա քանի՞ մարդու համար է. կատակում եմ», հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով՝ The New York Post:
Նախագահը 300 դոլար է վճարել պլաստիկ քարտով, որը ներառել է նաեւ մյուսների պատվերները:





























