Հայաստանի ՊՆ վարչական համալիրում հուլիսի 11-ին կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ: Հանդիպման առանցքը, բնականաբար, եղել են ազգային բանակն ու զինված ուժերի ձեռքբերումները:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով շեշտելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը` ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունը կարեւորում է Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայ երիտասարդների մասնակցությունը հայրենիքի բարգավաճման եւ հզորացման գործին:

Ողջունելով  ԱՄՆ-ից, Գերմանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից եւ մի շարք այլ երկրներից Հայաստան ժամանած հյուրերին եւ կարեւորելով նմանաբնույթ միջոցառումների անցկացումը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում վստահություն հայտնեց, որ Հայաստան այցելող պատանիները միշտ էլ ցանկալի հյուր են պաշտպանության նախարարությունում, եւ ուրախալի է այն հանգամանքը, որ բազմաթիվ հայ երիտասարդներ, ապրելով տարբեր երկրներում, այնուամենայնիվ, իրենց գաղափարական ուղղվածությունը, դաստիարակությունը եւ հիմնական ճանապարհներն ուղղում են դեպի մայր հայրենիք` Հայաստան, ու մշտապես ձգտում են իրենց ներդրումն ունենալ մեր պետության զարգացման գործում:

Սեյրան Օհանյանը հակիրճ ներկայացրեց զինված ուժերի զարգացման փուլերը, հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ Հայաստանի եւ այլ երկրների միջեւ առկա ռազմական համագործակցության առանցքային ուղղությունները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց այն իրողությունը, որ հայկական բանակն օրեցոր կատարելագործվում է  եւ պատրաստ է արժանի հակահարված տալ ցանկացած ոտնձգության:

Պաշտպանության նախարարը պատասխանեց նաեւ սփյուռաքահայ երիտասարդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարություններին եւ ՀՀ զինված ուժերի պատրաստությանը:

Հանդիպման ավարտին «Դեպի Հայք» հիմնադրամի անդամները, ջերմագին ընդունելության համար շնորհակալ լինելով պաշտպանության նախարարին, հույս հայտնեցին, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն: