Բանգլադեշում իշխանություններն արգելել են քաղաքացիներին ամուսնանալ ռոհինջա ցեղի ներկայացուցիչների հետ, որոնց մեծ մասը բնակվում է Մյանմայում: Սա վերաբերում է այդ փոքր ցեղի նույնիսկ այն քաղաքացիներին, որոնք փախստականի կարգավիճակ են ստացել:
Բանգլադեշի արդարադատության նախարար Անիսուլ Հոկը հայտարարել էր, որ այսուհետ նման ամուսնություններն արգելված են: Նրա խոսքով՝ ռոհինջայի ներկայացուցիչները փորձում են Բանգլադեշի քաղաքացիություն ստանալ՝ դրա համար ամուսնանալով տեղի քաղաքացիների հետ:
Արգելքը մարդու իրավունքների ոտնահարում չէ, այլ օրենքի գերակայություն, ընդգծել է պետական պաշտոնյան, հաղորդում է BBC-ն:
Ցեղի հարյուրավոր ներկայացուցիչներ, որոնք մահմեդականություն են դավանում, ստիպված են եղել հայրենիքից Բանգլադեշ փախչել բուդդիստների կողմից ճնշումների հետեւանքով:
Ազգային փոքրամասնության մոտ 800 հազար ներկայացուցիչ ապրում է Մյանմայի արեւմուտքում գտնվող Ռաքհայն նահանգում՝ Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ սահմանին կից: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ դրանք աշխարհում ամենից շատ հետապնդվող ազգային փոքրամասնություններից մեկն են:





























