Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չիլիի հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք մեծապես կարեւորվել է խորհրդարանականների դերը միջպետական կապերի, ինչպես նաեւ երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում, ընդգծվել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Հայաստանի եւ Չիլիի խորհրդարաններում ձեւավորված բարեկամության խմբերը, զրուցակիցների կարծիքով, էական աջակցություն կարող են ունենալ այդ հարցում եւ առաջիկայում մեծ աշխատանք ունեն իրականացնելու: Օրենսդիր մարմինների փոխգործակցությունը, նախագահ Սերժ Սարգսյանի եւ Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի համոզմամբ, կխթանեն նաեւ առեւտրատնտեսական ու մշակութային կապերը:

Հաշվի առնելով օրենսդիր գործունեության մեջ Ալդո Կորնեխո Գոնսալեսի երկարամյա փորձը, գիտելիքներն ու բարձր հեղինակությունը՝ ՀՀ նախագահը նշել է, որ կցանկանար, որպեսզի նա անձամբ նախաձեռնող լիներ հայ-չիլիական միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում: 

Ալդո Կոնրեխո Գոնսալեսը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը` իր իրավասությունների շրջանակներում սերտացնելու Հայաստանի խորհրդարանի հետ կապերը: Նա կարեւորել է բարեկամության խմբի չիլիացի պատգամավորների այցը Հայաստան, ընդգծելով, որ այն անպայմանորեն պետք է ունենա հստակ օրակարգ, համագործակցությունն անհրաժեշտ է տեղափոխել գործնական հարթություն` մեկ առ մեկ լուծելով բոլոր խնդիրները:

Միջխորհրդարանական փոխգործակցության համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է 2007թ. հունիսին Չիլիի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը, որը, Հայաստանի նախագահի համոզմամբ, հայ-չիլիական բազմամյա բարեկամության նոր էջ բացեց՝ միաժամանակ երկու երկրների միջխորհրդարանական կապերին հաղորդելով առանձնակի բնույթ: