Չիլիի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Սանտյագոյի քաղաքապետ Կարոլինա Տոայի հետ:
Քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցած ընդունելության պաշտոնական արարողությունից հետո Քաղաքապետ Կարոլինա Տոայը Հայաստանի նախագահին է հանձնել քաղաքի բանալին եւ քաղաքի պատվավոր այցելուի պատվոգիրը: Իր խոսքում նա անդրադարձել է հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման կարեւորությանը` ՀՀ նախագահի այցը մեծ խթան համարելով այդ ճանապարհին. «Հեռու չեմ լինի ճշմարտությունից, եթե խոստովանեմ, որ մենք` չիլիացիներս շատ քիչ բան գիտենք Հայաստանի մասին: Գտնվելով հետու եւ պարփակված լինելով մեր աշխարհագրությամբ, մենք հաճախ պատկերացնում ենք, որ շատ փոքր երկրներ ենք: Եվ գտնվելով այս մեկուսացած եւ բարդ աշխարհագրական տարածքում` հաճախ սխալ ենք գործում եւ աշխարհը պարփակում ենք այն սահմաններով, որոնք մեզ ավելի մոտ են գտնվում: Այնուհանդերձ, պարոն Նախագահ, սա մի գեղեցիկ մարտահրավեր է մեզ համար, որպեսզի մենք մեր դռները բացենք մեկ այլ մշակույթի առջեւ եւ մերձենանք հայ ժողովրդի հետ: Հայաստանի Հանրապետությունը լինելով երիտասարդ պետություն` ունի հնամենի մշակութային հարուստ ժառանգություն: Եվ ինչպես շատ հնագիտական ուսումնասիրություններ են ցույց տալիս, Հայաստանը աշխարհի քաղաքակրթության բնօրրաններից է: Հայաստանը շատ հետաքրքիր մի մշակույթ է ձեւավորել շնորհիվ Եվրոպայի եւ Ասիայի հետ իր մշտական կապի: Հայերի պարն ու երաժշտությունը ամենահինն ու ինքնատիպն են: Պատմության հազարամյակների ճանապարհին հայերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, եւ մենք` չիլիացիներս մեր մեծ հարգանքն ենք մատուցում այդ ամենի համար: Կարճ ժամանակահատված է անցել, երբ Հայաստանն ու Չիլին դիվանագիտական հարաբերութուններ հաստատեցին, որից հետո 1993թ. Պաշտոնականացվեցին հարաբերությունները միջազգային կառույցների միջոցով: Այդուհանդերձ, այս հանդիպումը երկու ժողովուրդների համար լավ խթան եւ հնարավորություն է ճանաչելու միմյանց եւ Հայաստանի հազարամյա մշակույթը»,-ասել է Սանտյագոյի քաղաքապետը:
Պատասխան խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է գտնվել Լատինական Ամերիկայի իրավամբ լավագույն քաղաքներից մեկում` Սանտյագոյում, եւ ի դեմս քաղաքպետ Տոայի հանդիպել մշտապես ծաղկող այս քաղաքի հմուտ ղեկավարին. «Միաժամանակ ուրախ եմ հիասքանչ Սանտյագոյի խորհրդանշական բանալին ստանալու համար: Ես ընդունում եմ այն` ի նշան Հայաստանի եւ Չիլիի մայրաքաղաքների միջեւ հարատեւ բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման:
Անչափ տպավորված եմ Սանտյագոյի առաջընթացով` պայմանավորված ինչպես գործարարության համար ստեղծված բարենպաստ պայմաններով, քաղաքային տնտեսության արդյունավետությամբ, անվտանգության բարձր աստիճանով, Սատյագոյի բնակիչների կենսամակարդակի բարձր ցուցանիշով, այնպես էլ քաղաքային ներհատուկ կոլորիտով, որի շնորհիվ Սանտյագոն դասվում է աշխարհի ամենագրավիչ եւ հետաքրքիր այցելավայրերի շարքին: Հիացած եմ քաղաքի նրբագեղ ճարտարապետությամբ, քաղաքը շրջապատող Անդյան վսեմ լեռնաշղթայով, որը հիշեցնում է Երեւանն ու համայն հայության խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը:
Թեեւ Հայաստանի եւ Չիլիի միջեւ աշխարհագրական մեծ տարածություն է ընկած, սակայն մեր ժողովուրդները դավանում են միեւնույն արժեքները: Դա էր պատճառը, որ Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկված հայությունը հասավ այս հեռավոր ափերը եւ Չիլիի իշխանությունների եւ ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ կարողացավ ոչ միայն գոյատեւել, այլեւ ապրել ու արարել: Այսօր ցանկանում եմ եւս մեկ անգամ երախտիքի խոսք հղել բարեկամ Չիլիին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար: Այս քայլը հատկապես կարեւորվում է մեզ համար Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:
Ես ժամանել եմ Չիլի, որպեսզի երկրի ղեկավարության հետ քննարկեմ մեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ խորացման հնարավորությունները: Մենք համագործակցության խոստումնալից հեռանկարներ ենք տեսնում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են լեռնարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գինեգործությունը, սեյսմիկ պաշտպանությունը, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաները:
Այս շարքը թերի կմնար, եթե դրան չավելանար ապակենտրոնացված համագործակցությունն ու հանրային դիվանագիտությունը, որոնց դերն ու նշանակությունը երկկողմ հարաբերություններում հետզհետե աճում է:
Մենք հատկապես կարեւորում ենք անմիջական կապերի հաստատումը քաղաքների միջեւ եւ արդեն ունենք համագործակցության հաջողված փորձ ձեր տարածաշրջանում: Հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք, անշուշտ, կուզենայինք, որ մեր մայրաքաղաքների միջեւ հաստատվեին ամուր կապեր, պատկերավոր ասած՝ որպեսզի կամուրջ ձգվեր Անդերից Արարատ: Հենց այս ցանկությունից ելնելով՝ ես սիրով հրավիրում եմ Ձեզ, տիկին Կարոլինա Տոա, այցելել Հայաստան:
Եզրափակելով խոսքս, թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել տիկի՛ն քաղաքապետին այս հրաշալի միջոցառման համար: Ես հեռանում եմ նոր հանդիպումների եւ համագործակցության հնարավորությունների ակնկալիքով»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին այցելել է նաեւ Չիլիի «Պրեկոլոմբինո» թանգարան, որտեղ դիտել է այդ երկրի պատմության հնագույն ժամանակաշրջանը ներկայացնող ցուցանմուշները,նդրանց միջոցով ծանոթացել տվյալ ժամանակաշրջանի պատմական իրողություններին:
Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Չիլիի հայկական համայնքի կողմից տասնամյակներ առաջ հիմնված «Հայ տուն», ծաղկեպսակ դրել բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծառատունկ կատարել, որից հետո հանդիպում է ունեցել չիլիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը հանդիպման ժամանակ խոսել է հայ-չիլիական հարաբերությունների ամրապնդման գործում փոքրաթիվ, սակայն գործունյա չիլիահայ համայնքի դերի, հայապահպանության եւ համազգային այլ կարեւորագույն խնդիրների մասին, ներայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող եւ հաջորդ տարի ու նաեւ դրանից հետո նախատեսվող միջոցառումները, խոսել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Նախագահն ընդգծել է, որ հպարտ է նման հայրենակիցներով եւ վստահ, որ հայ ժողովրդի հաջողության միակ բանալին, ինչպես բազմիցս է ասվել, միասնությունն է` Հայրենիքը ուժեղ է Սփյուքով, Սփյուռքը` Հայրենիքով: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրել է Չիլիի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուառաչիին, Մովսես Խորենացու մեդալով` փոխծովակալ Հեռնան Կույումջյանին: Նախագահը շնորհավորել է նրանց` Հայրենիքի բարձր պարգեւներին արժանանալու համար եւ մաղթել նորանոր հաջողություններ:
Ավարտելով տարածաշրջանային այցը Հարավային Ամերիկա` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երեւան:

































