Թուրք-իսրայելական կոնֆլիկտը նոր չէ, սակայն Իսրայելի բանակի՝ Միջերկրական ծովում իրականացրած վերջին վայրագ գործողությունները թուրք-իսրայելական սցենարի ամենացինիկ դրսեւորումներից էին։ Հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Սարդարապատ» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։

Նշելով, որ Թուրքիան իր առջեւ խնդիր է դրել դառնալ իսլամական աշխարհի  առաջնորդ՝ նա նկատեց. «Հարցն այն է, որ արվում է ամեն բան՝ Թուրքիային արաբական եւ ընդհանրապես իսլամական աշխարհի աչքում հերոսացնելու համար, եւ եթե նա հաջողի Միջին Արեւելքում դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ, ապա դա, որքան էլ,աշխարհագրական առումով մեզանից հեռու, կլինի նաեւ ի վնաս Հայաստանի»,- շեշտեց Սեֆիլյանը՝ հատկանշական համարելով, որ սրանից առաջ Թուրքիան երբեւիցե հետաքրքրված չի եղել պաղեստինցիների ճակատագրով։

«Թուրք-իսրայելական հակամարտությունը մեծ քաղաքական խաղ էր, որը Թուրքիային բնական մրցակցության է բերելու Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հետ»,- կարծիք հայտնեց «Սարդարապատ» նախաձեռնության համակարգողը։

Հիշեցնենք, որ օրերս իսրայելական բանակը գրոհել էր Գազայի հատված մարդասիրական բեռներ տեղափոխող այսպես կոչված «Ազատության նավատորմ»-ի վրա, ինչի արդյունքում զոհվեց 9 մարդ, նրանցից 8-ը՝ Թուրքիայի քաղաքացիներ։