Բեմադրող ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանը կողմ է Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը, բայց դրանք չպետք է հիմնվեն ի վնաս հայկական դպրոցների։ «Խնդրեմ, բացե՛ք դպրոց օտար լեզվով, բայց պայմանով, որ դա համապատասխանի հայկական դպրոցի մակարդակին։ Ստացվում է, որ խնդիրը ոչ թե նրանում է՝ բացե՞նք օտարալեզու դպրոց, թե չէ, այլ խնդիրը նրանում է՝ ինչպե՞ս բարձրացնենք հայկական դպրոցի մակարդակը»,- նկատեց Ն. Դուրյանը։ Ռեժիսորի խոսքով՝ մենք սկսում ենք կորցնել մեր ազգային արժեքները, ինչը շատ ավելի կարեւոր եւ վտանգավոր խնդիր է, եւ այդ հարցի հետ օտարալեզու դպրոցները որեւէ առնչություն չունեն։
Նարեկ Դուրյանն ասաց, որ Ֆրանսիայում էլ են գործում օտարալեզու դպրոցներ. կան անգլիական, գերմանական, պորտուգալական, նույնիսկ հայկական դպրոցներ, սակայն մասնավորապես հայկական դպրոցները չունեն այն կրթական մակարդակը, ինչ որ ֆրանսիական դպրոցները։
Դերասանը համաձայն չէ այն կարծիքին, որ օտար լեզվով կրթություն ստացողները պակաս հայրենասեր են, քան հայերենով կրթություն ստացածները։ Ռեժիսորն ասաց, որ երջանիկ մարդ է, քանի որ կարողանում է ֆրանսերեն խոսել, նաեւ նշեց, որ իր հայրը՝ Օհան Դուրյանը 11 լեզվով է խոսում եւ հաճախել է արաբական դպրոց։ «Որեւէ մեկը կարծում եմ չի կասկածում հորս հայրենասիրության վրա»,-նկատեց Դուրյանը՝ միաժամանակ հավելելով, որ իրեն հայտնի են շատ մարդիկ, ովքեր ապրելով օտար երկրում եւ կրթություն ստանալով այլ լեզուներով, կարողացել են պահպանել իրենց ինքնությունն ու հայրենասիրությամբ ոչ մեկին չեն զիջում։
Հարցին, թե ձեր կարծիքով ո՞վ է օտարալեզու դպրոցների բացման որոշման հեղինակը, Դուրյանը դժվարացավ անուններ տալ՝ նկատելով. «Ես կարող եմ պիեսների հեղինակների անուններ տալ...»:


























