Թբիլիսիում կայացել է Վրաստանի նախկին նախագահ եւ ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Էդուարդ Շեւարդնաձեի հուղարկավորությունը:

Հուղարկավորությանը մասնակցելու համար Վրաստան ժամանել 28 երկրների պաշտոնական պատվիրակություններ: Ռուսաստանից պաշտոնական պատվիրակ ներկա չի եղել: ԱՄՆ-ն ներկայացրել է նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը, իսկ Գերմանիան՝ նախկին ԱԳ նախարար Հանս Դիտրիխ Գենշերը, ով ընդգծել է, որ ժամանել է կանցլեր Անգելա Մերկելի անձնական խնդրանքով: Հայաստանը ներկայացրել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով մինչ այդ պաշտոնում նշանակվելը Վրաստանում Հայաստանի դեսպանն էր:

Էդուարդ Շեւարդնաձեին, ով Վրաստանը ղեկավարել է շուրջ 30 տարի եւ պաշտոնից հեռացել է «վարդերի հեղափոխության» արդյունքում, հուղարկավորել են կառավարական նստավայրի բակում, կնոջ կողքին: Վերջին տարիներին նա նստավայրում էր բնակվում:

Ելույթ ունեցողները ջերմորեն են արտահայտվել «վերակառուցման» ընթացքում եւ «սառը պատերազմի» ավարտին՝ համաշխարհային հանրության, ինչպես նաեւ Վրաստանի առջեւ՝ քաղաքացիական պատերազմի դադարեցման եւ 1990-ականների սկզբին քրեական անարխիայի հաղթահարման գործում Էդուարդ Շեւարդնաձեի ներդրման մասին:

Բեյքերի խոսքով, Վրաստանն այսօր ազատ չէր լինի, եթե չլինեին Էդուարդ Շեւարդնաձեն եւ Միխայիլ Գորբաչովը: «Սրանք այն մարդիկ են, ովքեր հրաժարվեցին ուժ գործադրել, եւ եթե այդպես չանեին, «սառը պատերազմը» խաղաղությամբ չէր ավարտվի»,- ընդգծել է Բեյքերը: