Հայաստանում քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց Հայաստանում հիմնելու խնդիրը, եւ Հայաստանի Հանրապետության նախագահը դրան դրական է վերաբերվում: Այդ մասին ի պատասխան «Առավոտ» թերթի թղթակցի հարցի, նշել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ ներկայացնելով նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Հայաստանում օտարալեզու դպրոցների բացում նախատեսող օրինագծերի վերաբերյալ:
Ըստ Արզումանյանի՝ սա հնարավորություն կտա օժտված շատ երեխաների ոչ թե բռնել օտարության ճանապարհը, այլ Հայաստանում լիարժեք կրթություն ստանալ: «Ընդ որում, այդ դպրոցներում հայագիտական առարկաների ուսումնասիրությունը պարտադիր է լինելու: Այդպիսի դպրոցների շնորհիվ սփյուռքահայ երեխաները կարող են Հայաստանում կրթություն ստանալ, ավելի սերտ կապեր հաստատել հայրենիքի հետ: Այդ դպրոցների թիվը սահմանափակվում է օրենքով, իսկ դրանց հիմնադրումը յուրաքանչյուր առանձին դեպքում դառնալու է Հայաստանի Հանրապետության կառավարության քննության առարկա»,- նշել է Արզումյանն ու հավելել. «Կրթության և գիտության նախարարությունն էլ պատասխանատվություն է կրելու որակի վերահսկման համար: Ցավում եմ, որ օրենքը քննադատողները հաճախ ուղղակի տեղյակ չեն նախագծի մանրամասներին կամ հարցը միտումնավոր տեղափոխում են ամբողջությամբ այլ ոլորտ և իրենց հայտարարություններով խառնաշփոթ ստեղծում խնդրի հանրային ընկալման մեջ»:


























