Չինաստանի դատախազությունը բրիտանացի մասնավոր խուզարկու Փիթեր Համֆրիին եւ նրա ամերիկուհի կնոջը՝ Յու Ին Ցզենին մեղադրանք են առաջադրել  GlaxoSmithKline դեղագործական ընկերությունում աշխատելու ժամանակ մասնավոր անձանց հետեւելու մեջ, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ՉԺՀ-ի պետական լրատվական գործակալություններին:

Քննության տվյալներով, Համֆրին եւ Յուն փորձել են պարզել՝ բրիտանական կորպորացիայի չինական մասնաճյուղի աշխատակիցներից ո՞վ է հաղորդել բժիշկներին ու պետպաշտոնյաներին կաշառելու մասին տեղեկատվությունը:

GSK կորպորացիայի չինական մասնաճյուղի նախկին մենեջեր, բրիտանացի Մարկ Ռեյլին անցյալ տարի մեղադրվել էր կոռուպցիոն ցանցի կազմակերպման մեջ, ինչի շնորհիվ ընկերության վաճառքները աճել են հարյուր միլիոնավոր դոլարներով:

Դատախազությունում ենթադրում են, որ դեղագործական հսկայի կողմից տուրիստական գործակալությունների միջոցով 320 մլն ֆունտ է (մոտ 500 մլն դոլար) փոխանցվել բժիշկներին եւ պետպաշտոնյաներին: