Չինաստանը սկսում է մասնակիորեն ապապետականացնել մենաշնորհային պետական ձեռնարկությունները: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, փորձնական ծրագրով նախատեսվում է մասնավոր կապիտալին հնարավորություն ընձեռել ընդլայնել ներդրումները նախկինում մենաշնորհային համարվող տնտեսության ոլորտներում:

Պետական կորպորացիաների առաջին ցուցակը, որոնք մասնակցելու են այս բարեփոխմանը, պաշտոնական Պեկինը հրապարակելու է առաջիկա երեքշաբթի: Այս մասին գրում է Global Times-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:

«Մասնավոր կապիտալի ներդրումն առաջին հերթին վերաբերելու է էներգետիկայի եւ հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին»,- ըստ ИТАР-ТАСС-ի՝ այս մասին ասել է Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Չեն Յաոն:

Նշվում է, որ պետական կապիտալը կարող է պահպանվել ոչ մեծ մասնաբաժիններով կամ ամբողջությամբ դուրս գալ այն ընկերություններից, որոնց մրցունակ ոլորտ են ներկայացնում, իսկ ազգային անվտանգությանն առնչվող տնտեսության հատվածները դեռեւս գտնվելու են պետական կառավարման ներքո:

Այս տարի չինական հսկաներ PetroChina-ն եւ Sinopec-ն արդեն հայտարարել էին իրենց բիզնեսում մասնավոր ներդրումներ ներգրավելու մտադրության մասին:

ՉԺՀ-ի կառավարությունը սկսել է խառը տնտեսության զարգացման անհրաժեշտությանը հատուկ նշանակություն տալ ՉԿԿ 18-րդ գումարման Կենտկոմի 3-րդ համագումարից հետո, որն անցկացվել է 2013թ. նոյեմբերի 9-12-ը, Պեկինում: