Թուրքմենստանը Ռուսաստանին իր ռազմավարական գործընկերն է համարում, բայց Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու հարց չի դիտարկում: Այս մասին Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների հետ անցկացրած խորհրդակցությունից հետո հայտարարել է ՌԴ-ում այդ երկրի դեսպան Բերդիմուրատ Ռեջեփովը:

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ պետության ղեկավարը մատնանշել է Թուրքմենստանի եւ Ռուսաստանի գործընկերության ռազմավարական բնույթը: Բերդիմուհամեդովը նշել է երկու երկրների միջեւ հինգ միլիարդի հասնող առեւտրաշրջանառության փաստը՝ հավելելով, որ այդ խոսում է այն հանգամանքի մասին, որ Ռուսաստանը Թուրքմենստանի ամենախոշոր առեւտրատնտեսական գործընկերներից է:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Թուրքմենստանը Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը, որի նախաձեռնողները Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսն են, Ռեջեփովը պատասխանել է, որ Աշխաբադը, հիմնվելով չեզոքության քաղաքականության վրա, նախկինի նման արտաքին քաղաքականության մեջ հիմնական շեշտը դնում է երկկողմ հարաբերությունների զարգացման վրա: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Ինչպես տեղեկացրել էինք, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիր էին ստորագրել: Առաջին պետությունը, որը կկարողանա անդամակցել այդ միությանը, Հայաստանն է:

ԵՏՄ-ին անդամակցելու ցանկության մասին հայտարարել են Հայաստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: