Հայաստանի քաղաքացիներին կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրեր նախատեսված է տրամադրել արդեն 2011 թվականի սկզբներին։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։
Նրա խոսքով, հանրապետության նախագահի եւ կառավարության կողմից իրենց գերատեսչությանը տրված առաջադրանքը հստակորեն նախանշված է, եւ դրա իրականացման ուղղությամբ համապատասխան քայլեր են ձեռնարկվում։ «Կենսաչափական անձնագրային համակարգի անցնելու ուղղությամբ տեխնիկական աշխատանքներ ենք իրականացնում, բացի այդ, խորհրդատվության համար մեր երկիր են ժամանել միջազգային բազմաթիվ դիտորդներ եւ փորձագետներ։ Այնպես որ, այս ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում»,- տեղեկացրեց Մուրադխանյանը՝ նշելով, որ կենսաչափական անձնագրերի հարցը ուշադրության կենտրոնում է պահում նաեւ կառավարության համապատասխան ԾԻԳ-ը։
ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ այն քաղաքացիները, ում անձնագրերը 7-10 տարվա վավերականության ժամկետ ունեն, կենսաչափական անձնագրեր ձեռք բերելու հարցում կարող են չշտապել։ «Անցումը կենսաչափական անձնագրային համակարգին դեռեւս չի ենթադրում, որ պետք է անպայմանորեն հրաժարվել հին անձնագրերից։ Եթե դրանց վավերականության ժամկետին մնում է դեռեւս յոթից տասը տարի, ապա նոր անձնագրերի անհրաժեշտություն չկա»,- ընդգծեց Մուրադխանյանը։
Նրա տեղեկացմամբ, կենսաչափական անձնագրերում տեղադրված չիպն իր մեջ ներառում է անձի լուսանկարը եւ անձնագրի սեփականատիրոջ ձեռքի երկու ցուցամատերի մատնահետքերը։ «Նախկինում պահանջվող չորս մատնահետքերի փոխարեն այժմ կիրառվում է երկու մատնահետքեր ներդնելու մեխանիզմը։ Ամենակարեւորն այն է, որ մատնահետքերի մեխանիզմի ներդրմամբ հեշտանում է անձի նույնականացման հարցը, ինչպես նաեւ բարձրացվում է ապահովության մակարդակը»,- ամփոփեց Մուրադխանյանը։
Նշենք, որ հարեւան Վրաստանում կենսաչափական անձնագրային համակարգն արդեն իսկ ներդրված է, իսկ Ադրբեջանում այն կիրականացվի մինչեւ 2012 թվականը:


























