Հուլիսի 14-ին Ֆրանսիայում ազգային տոն է` Բաստիլի գրավռման օրը, որը նշվում է 1880 թվականից:
Այսօր տոնակատարությունները սկսվել են Ելիսեյան դաշտերում ռազմական շքերթով, որին այս տարի հրավիրվել են 80 պետության ներկայացուցիչներ, որոնց բանակները մասնակցել են Առաջին համաշխարհային պատերազմում: Երեկոյան տոնակատարությունները կավարտվեն համերգով եւ տոնական հրավառությամբ, որն այս տարի առաջին անգամ կարձակվի Էյֆելյան աշտարակից:
Հրավառությունը կսկսվի Փարիզի ժամանակով ժամը 23-ին եւ կնվիրվի Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակին:
Պատմական իրադարձությունը տեղի է ունեցել Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ. 1789 թ. ոտքի ելած փարիզցիները գրավել էին բանտ-ամրոց Բաստիլը` թագավորական բռնապետության խորհրդանիշը, եւ ազատել յոթ բանտարկյալի: Այս իրադարձությունը համարվում է Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը, ինչպես նաեւ բացարձակ իշխանության տապալման խորհրդանիշը:
Չնայած Բաստիլի գրավման օրը Ֆրանսիայում ազգային տոն է, սակայն այն նշվում է ոչ միայն այդ երկրում, այլեւ ողջ աշխարհում: Բաստիլի գրավումը մարդկության պատմության խոշորագույն իրադարձություններից է:




























