Ամերիկյան Վիրջինիա նահանգի բնակիչ, երեք երեխաների հայր Ջերեմիա Հիթոնն արքայադուստր դառնալու մասին երազող իր 7-ամյա դստերը «թագավորություն» է նվիրել. ոչ մեծ տարածք Եգիպտոսի եւ Սուդանի միջեւ:

«Մի անգամ ձմռանը ես եւ Էմիլին խաղում էինք, նա անընդհատ խոսում էր արքայադուստրերի մասին: Եվ հանկարծ նա լրջորեն ինձ հարցրեց, արդյոք երբեւէ ինքն արքայադուստր կդառնա՞: Ես պատասխանեցի՝ «այո»,- ասել է ամերիկացին:

Խոստում տալուց հետո Հիթոնը սկսել է համացանցում չպահանջված հողեր փնտրել ամբողջ աշխարհում եւ գտել է Բիր Թավիլ կոչվող հողակտորը. այն հյուսիսից սահմանակից է Եգիպտոսին, իսկ արեւմուտքից, հարավից եւ արեւելքից՝ Սուդանին: Երկու երկրներն էլ հրաժարվել են Բիր Թավիլի հանդեպ պահանջներից: Այդ կերպ, այն համարվում է terra nullius՝ «ոչ ոքի տարածք»:

Աղջնակին նվիրած հողատարածքի մակերեսը շուրջ 2.060 քառ. մետր է:

Հիմա այդ տարածքում դրոշ է բարձրացված, որը ստեղծել են ամերիկացու երեխաները: Հոր խոսքով, թագավորությունը ջրազուրկ անապատ է, որտեղով բեդվիններ են անցնում: Բնակչություն այստեղ փաստացի չկա:

Հիթոնը, ով իրեն հռչակել է Հյուսիսային Սուդանի թագավորության միապետ, ծրագրում է դիմել Աֆրիկյան միությանը՝ խնդրելով օգնել պաշտոնապես պետություն հիմնել:

Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Վաշինգտոնում Եգիպտոսի եւ Սուդանի դեսպանատները հրաժարվում են մեկնաբանել իրավիճակը: