Մարդը պետք է սնվի լիարժեք, հավասարաչափ, եւ այն չափով, որքան էներգիա է ծախսվում օրգանիզմի կողմից՝ հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Առողջապահության ազգային ինստիտուտի հիգիենայի ամբիոնի ասիստենտ Նարինե Խաչատրյանը՝ անդրադառնալով ճիշտ սննդակարգի խնդրին։ Նա նշեց, որ պետք է օրական սնվել 3-5 անգամ։ Եթե  դուք չեք նախաճաշում, ապա դուք նախադրյալ եք ստեղծում կուշտ ընթրելու համար»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, թե կուշտ ընթրելու պարագայում օրգանիզմում ճարպերի կուտակում է տեղի ունենում, ինչը բերում է  աղեստամոքսային մի շարք հիվանդությունների։ Մասնագետի խորհրդով՝ պետք է ընթրել  քնելուց 2-3 ժամ առաջ։       

Մասնագետն անդրադարձավ  ճիշտ սննդակարգի խնդրին՝ նկատելով, որ թեեւ ընդունված է համարել, որ հայերը մսակեր են, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչությունը նորմայից մոտ 9 անգամ քիչ է օգտագործվում միս, ձուկ, կաթնամթերք, իսկ հացաբուլկեղենի ու ձավարեղենի օգտագործման  չափաբաժինը մոտ է սահմանված նորմային։ Մասնագետի խորհրդով մարդն օրական պետք է ընդունի մոտ 750 գրամ կաթ, 180 գրամ միս, իսկ բանջարեղենի եւ մրգեղենի օգտագործումը չպետք է լինի 400 գրամից պակաս։ Մասնագետը նշեց, թե նիտրատներով հագեցած սնունդ ընդունելուց խուսափելու համար պետք է չգնել ժամանակից շուտ հասունացած մրգեր ու  բանջարեղեն, որոնք էլ նիտրատներ պարունակող հիմնական մթերքներն են։ Մասնագետն անդրադարձավ նաեւ սուրճի օգտագործմանը՝ նշելով, թե կան գիտական լուրջ հետազոտություններ, որ անգամ 5 բաժակ սուրճը չի կարող մարդուն վնասել։  Ըստ մասնագետի. «Սուրճը ոչ միայն վնասակար չէ, այլ ընդհակառակը, նույնիսկ անհրաժեշտ է մարդուն՝ նրա նյարդային համակարգն ավելի ակտիվացնելու համար։ Նույնիսկ երեխաներին են խորհուրդ տալիս սուրճ ընդունել»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, թե օրական 1-2 բաժակ սուրճը բավարար է, բայց կարելի է խմել մինչեւ 5 բաժակ։ Խաչատրյանի խոսքով՝ սուրճը չի կարող գրգռիչ ազդեցություն ունենալ աղեստամոքսային լորձաթաղանթի վրա, ուստի սուրճ կարող են օգտագործել  անգամ աղեստամոքսային հիվանդություններ ունեցողները։

Ասուլիսին ներկա «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն էլ  առողջ ապրելակերպի եւ ճիշտ սննդակարգի վերաբերյալ իր խորհուրդները տվեց՝ քիչ աղ օգտագործեք, հրաժարվեք ճարպոտ կերակուրներից, սպորտով զբաղվեք ու գիրք կարդացեք։ «Գիրք կարդացեք, քանի որ գրագետ ու կիրթ մարդը նաեւ գրագետ ու կիրթ է սնվում։  Անկիրթ մարդն է, որ վիճում է՝ ասելով, թե աղը լավ է, կաթ խմելը վատ է, միս ուտելը՝ գերազանց բան»,- ասաց Պողոսյանը։ Ասուլիսի բանախոսները նշեցին, նաեւ, թե ժամանակն է, որպեսզի Հայաստանում ընդունվի՝ քաղաքականություն առողջ սննդի վերաբերյալ։ Նման քաղաքականություն Ռուսատանի Դաշնությունն ընդունել է 1998 թվականին։