Նավթի համաշխարհային պաշարների ապացուցված ծավալը ենթադրում է, որ 2013 թվականի վերջին տվյալներով, Երկրում շուրջ 1 տրիլիոն 688 միլիարդ բարել նավթ կա: Նման տվյալներ է պարունակում բրիտանական BP ընկերության ամենամյա նոր զեկույցը:
Նավթի արդյունահանման ներկա տեմպերի պարագայում այդ ծավալը կբավականացնի 53.3 տարի: Ամեն դեպքում, նավթի պաշարների ծավալն այժմ 11.1%-ով ավելի է անցյալ տարվա համեմատ: Բացի այդ, վերջին 10 տարիներին ապացուցված պաշարներն աճել են 27%-ով, ինչը հավասար է ավելի քան 350 մլրդ բարելի: Այս մասին գրում է «Վեստի էկոնոմիկի» պարբերականը:
Նավթի պաշարների աճը կապված է Ռուսաստանից եւ Վենեսուելայից ստացված նոր տվյալների հետ, որտեղ ցուցանիշներն ավելացել են, համապատասխանաբար, 900 եւ 800 մլն բարելով: ՕՊԵԿ-ի անդամ երկրները շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել՝ վերահսկելով մոլորակի նավթի պաշարների 71.9%-ը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, որը վերջին շրջանում նավթի արդյունահանումն ավելացնում է հորիզոնական հորատման եւ հանքի հիդրոպայթեցման տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ, ապա այստեղ նավթի ապացուցված պաշարները կազմում են 44.2 մլրդ բարել, ինչը 26%-ով գերազանցում է BP-ի նախորդ զեկույցում հրապարակված գնահատականները:





























