Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսի գլխավորած  պատվիրակությանը եւ ներկայացրել Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի հիմնախնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված  քայլերը:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դեյվիսն իր հերթին ներկայացրել է  բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ու ռազմավարական այն հիմնական ուղղությունները, որոնք նպատակ ունեն ընդլայնել ֆինանսական հատվածի զարգացումն ու հասանելիությունը, ագրոբիզնեսի եւ բարձր շահութաբերություն ունեցող, ինչպես նաեւ իր արտադրանքի արտահանմանը ձգտող արդյունաբերական ընկերությունների զարգացումը:

ՎԶԵԲ-ի կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը ներկայացրեց նաեւ բանկի լոնդոնյան գրասենյակի ագրոբիզնեսի թիմի ղեկավար տիկին Վիկտորիա Զինչուկը, որի ներկայացմամբ 2011 թվականից իրականացվում է սննդամթերքի անվտանգության կարողությունների կատարելագործման նախաձեռնությունը, որի նպատակը պետական եւ  մասնավոր հատվածների մերձեցումն է եւ այդ ճանապարհով ներդրումների  ավելացումը: Համագործակցությունը,  ըստ նրա, իրագործվում է ինչպես դոնորների դրամաշնորհների, այնպես էլ  բանկի կողմից տրամադրված վարկերի միջոցով:

Բանկը խրախուսում է նաեւ արտադրական տարբեր բնույթի միավորումների (կաթի, մսի, հացահատիկի )ստեղծումը գյուղատնտեսության ոլորտում:

Հանդիպման ընթացքում Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանն անհրաժեշտ ռազմավարական ուղղությունների շարքում նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաեւ գյուղատնտեսական հողատարածքների խոշորացմանը, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը, խորհրդատվական ծառայություների բարելավմանը, ինչպես նաեւ վերամշակող արդյունաբերության արդիականացմանն ու  ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը:

ՎԶԵԲ -ի ներկայացուցիչները լավատեսությամբ  են  արտահայտվել  նշված ուղղություններով համագործակցելու  վերաբերյալ եւ պատրաստակամություն  հայտնել հանգամանորեն ուսումնասիրել  ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված առաջարկությունները: