Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ կալանավորվել է 21 անձ, բողոքող քաղաքացիները վնասվածքներ են ստացել, սակայն դրանք Հայաստանում Բրազիլիայի դեսպանը բնական է համարում։

«Բոլորի իրավունքն է բողոքել թեկուզ աշխարհի առաջնության ժամանակ, սակայն դրանք չեն կարող լինել անկառավարելի, եւ Բրազիլիայի անվտանգության ծառայությունը հենց դա էլ արել է, իհարկե, օրենքի շրջանակում։ Եղել են ձերբակալություններ, վնասվածքներ են ունեցել մարդիկ եւ դա բնական է։ Իհարկե, այն մարդիկ, որոնք ձերբակալվել են, հետագայում ազատ են արձակվել։ Չեն ազատ արձակվել միայն նրանք, որոնք ավիրել են եւ դա արդեն հանցագործություն է։ Այսպիսի կալանավորված քսանմեկ անձ կա։ Սրանք այն մարդիկ են, ովքեր մեքենաներ, բանկոմատներ են այրել, այսինքն հանցագործություն են կատարել եւ նրանց նկատմամբ գործ կհարուցվի»,- այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն։

Նշենք, որ բրազիլացիները դեմ էին, որ աշխարհի առաջնությունն անցկացվի իրենց երկրում՝ պատճառաբանելով, թե իրենց նման աղքատ երկիրը չպետք է նման միլիոններ ծախսի առաջնություն անցկացնելու համար։