Ամերիկայի հրեական համայնքը որոշել է այլեւս չաջակցել Թուրքիային, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերի քննարկումների ժամանակ:
Այս մասին գրում է Washington Times-ը՝ հիշեցնելով, որ 2000 թվականի հոկտեմբերին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթը խոստացել էր քվերակության դնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, որը «կարող էր ապտակ դառնալ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի համար»: Այդ ժամանակ, ըստ պարբերականի, թուրքերը դիմել են հրեական լոբբիի ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի՝ Ամերիկա-իսրայելական հանձնախմբի ներկայացուցիչ Քեյդ Վիսմանին:
Վերջինս այս շաբաթ տված հարցազրույցներից մեկում խոստովանել է. «Մեր կազմակերպությունում հեռախոսը ոչ մի պահ չէր լռում, եւ մենք հաջողեցինք վերջին պահին պետդեպարտամենտի աջակցությամբ համոզել նախագահ Բիլ Քլինթոնին՝ անձամբ նամակ հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակին եւ շեշտել, որ այդ քվեարկությունը կարող է ռազմավարական վնաս հասցնել Միացյալ Նահանգների շահերին»: Արդյունքում հաջողվել է հասնել նրան, որ բանաձեւը հանվի օրակարգից:


























