Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը Համաշխարհային բանկից է տեղեկացել, որ մի շարք հայաստանյան կազմակերպություններ դիմել են Համաշխարհային բանկին՝ առաջարկելով դադարեցնել Հայաստանում կրթությանն ուղղված ֆինանսական աջակցությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Հարցին, թե ինչպե՞ս եք մեկնաբանում տարածված լուրը, ըստ որի, Բաց հասարակության ինստիտուտը` Սորոսի Հայաստանի մասնաճյուղը, «պատերազմ» է հայտարարել ԿԳՆ-ին եւ առաջարկում է ՀԲ-ին դադարեցնել Հայաստանում կրթությանն ուղղված ֆինանսական աջակցությունը, նա պատասխանեց. «Նախ, որքանով տեղեկացվել ենք, հայաստանյան 6 ՀԿ-ներ, 4 ծնող եւ մեկ ուսանող բողոք են ներկայացրել Համաշխարհային բանկ՝ պահանջելով դադարեցնել կրթության ոլորտում իրականացվող ծրագիրը:

Առաջին հետաքրքրիր փաստն այն է, որ մենք Համաշխարհային բանկի կայքից ենք իմացել այդ գրության մասին: Երկրորդ՝ մեզ հայտնի չէ գրության ամբողջական բովանդակությունը, 3-րդ՝ հայտնի չեն գրության հեղինակները, 4-րդ՝ գրության թիրախը հենց ՀԲ-ն է, որը Սորոսի ինստիտուտի կողմից մեղադրվում է Հայաստանի կրթության ոլորտին ուղղված բարեփոխումներին աջակցելու համար»:

Աշոտյանի խոսքով՝ այս պահին իրենց հասանելի չէ բողոքի ամբողջական տեքստը, իսկ ՀԲ կայքում տեղադրված է միայն դրա քաղվածքը: «Մեր համապատասխան հակադարձումները այդ քաղվածքին գրավոր ուղարկվել են Համաշխարհային բանկ: Այս շաբաթ ՀԲ պատվիրակությունն իսկապես կլինի Երեւանում եւ մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում ինձ հետ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այդ գրությունում առկա մեղադրանքներին, ԿԳ նախարարն ասաց. «Այդ չակերտավոր մեղադրանքների մի զգալի մասը մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում մի մասն էլ ոլորտում իրականում առկա խնդիրների յուրովի մեկնաբանություն է:

Ինչեւէ, ես չգիտեմ պատերազմը ինձ են հայտարարել, Կրթության ոլորտին, թե ընդհանրապես, չեմ բացառի անգամ, որ Սորոսի ինստիտուտը պատերազմ է հայտարարել հենց ՀԲ-ին՝ քննադատելով վերջինիս մոտ 20 տարվա աջակցությունն ու փորձը՝ Հայաստանի կրթության ոլորտում»:

Հարցին, թե այդ մեղադրանքներում որեւէ առողջ հատիկ չի՞ տեսնում, որը համապատասխանում է իրականությանը, Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Ակնհայտ է, որ կրթության ոլորտում, ինչպես այլ ոլորտներում, առկա են բազմաթիվ խնդիրներ: Բարեփոխումների նպատակը հենց այդ խնդիրներին աջակցելն է: Եթե որեւէ բարեփոխում իր ծրագրած ուղուց շեղվում է, ոչ թե պետք է դադարեցնել բարեփոխումը, այլ շտկել թերություննեը: Մենք շատ բարձր ենք գնահատում ՀԲ աջակցությունը կրթության ոլորտում: Վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ կատարվել են ՀԲ ֆինասնական աջակցությամբ: Ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կրթության ոլորտում ՀԲ-ի հետ կշարունակվի: Ակնհայտ է, որ եթե չլինեին խնդիրներ, կարիքը չէր լինի փոփոխությունների, ոչ էլ աջակցության»:

Վերջում ԿԳ նախարարը նշեց, որ երբ ստանան գրության ամբողջական տեքստը, հրապարակավ կարձագանքեն դրան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Հրապարակ» թերթի, Բաց հասարակության ինստիտուտը` Սորոսի Հայաստանի մասնաճյուղը, «պատերազմ» է հայտարարել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:

«Այն մեկնարկել է անցյալ սեպտեմբերի 3-ից` Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությամբ: Մեզ հայտնի դարձավ, որ մի շարք ՀԿ-ներ բողոք են ներկայացրել Համաշխարհային բանկի ամերիկյան գրասենյակին` պահանջելով դադարեցնել կրթությանն ուղղված ֆինանսական աջակցությունը, քանի որ կրթական բարեփոխումներն անհրաժեշտ ուղիով չեն գնում: Մեղադրանքների թվում են գենդերային անհավասարության հետ կապված խնդիրները, Հայ առաքելական եկեղեցու դերի մեծացումը եւ ուսումնական գործընթացում մեծ մասնակցությունը, բուհերի քաղաքականացումը, ոչ արդյունավետ բարեփոխումները եւ այլն: Այս շաբաթվա ընթացքում ամերիկյան պատվիրակությունը ժամանելու է Հայաստան` ուսումնասիրելու ՀԿ-ների դժգոհությունները եւ վերջնական որոշում կայացնելու»,-գրել էր պարբերականը: