Հուլիսի 7-11-ը աշխատանքային այցով Լոնդոնում էր գտնվում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի պատասխան հրավերով:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ԱԺ բոլոր խմբակցություններից՝ ՀՀԿ-ից Կարինե Աճեմյանն ու Ռուզաննա Մուրադյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը, Ժառանգությունից՝ Թեւան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը, ՕԷԿ-ից՝ Լեւոն Դոխոլյանը:
Այս այցելությունը պատասխանն էր Բրիտանական խմբի պատվիրակության՝ ս.թ. փետրվարի 17-21-ը Հայաստան կատարած այցելության:
Պատվիրակությունը հանդիպեց Համայնքների պալատի փոխխոսնակ Լինդսի Հոյլին, Լորդերի պալատում ՄԹ ԱԳՆ՝ Ֆորին օֆիսի խոսնակ Լորդ Ուոլեսին, Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի, ԵԽԽՎ-ում ՄԹ պատվիրակության, ինչպես նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:
Այցի ընթացքում բրիտանական խորհրդարանում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում, որը նախագահում էր Մշակույթի, սպորտի եւ ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովի նախագահ, պահպանողական պատգամավոր Ջոն Ուիթինգդեյլը:
Քննարկմանը մասնակցող Համայնքների եւ Լորդերի պալատների անդամները հանարավորություն ունեցան հայ խորհրդարանականներին հարցեր ուղղելու, որոնք վերաբերում էին Հայաստան-ԵՄ, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Եվրասիական միությանը անդամակցելուն, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հեռանկարներին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներին:
Պատվիրակությունը հանդիպեց նաեւ Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հետ՝ վերջինիս տարեկան ժողովի ամփոփումից հետո: Խմբի արդեն նախկին նախագահ Բարոնուհի Քոքսը, ողջունելով ԱԺ պատգամավորներին, տեղեկացրեց, որ խումբը ընդունել է իր հրաժարականը եւ ընտրել նոր նախագահ՝ Ջոն Ուիթինգդեյլին: Խմբի փոխնախագահ է ընտրվել ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Սթիվեն Փաունդը: Կողմերը հույս հայտնեցին, որ նորընտիր խմբի ու ՀՀ ԱԺ հայ-բրիտանական բերեկամության խմբի համատեղ ջանքերով կակտիվացվի ու կխորացվի միջխորհրդարանական համագործակցությունը: Այդ համատեքստում պատրաստակամություն հայտնվեց` ներդնել բոլոր ջանքերը՝ քաջալերելու երկու երկրների միջեւ տնտեսական, մշակութային եւ կրթական կապերի զարգացմանը:
Պատվիրակության պատվին ընդունելություն կազմակերպեց Լոնդոնում ՀՀ դեսպանությունը, որին հրավիրված էին բրիտանահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, բրիտանացի խորհրդարանականներ եւ դիվանագետներ:
Ողջունելով ներկաներին՝ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը շնորհավորեց Բարոնուհի Քոքսին, ով ընտրվել է Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի ցկյանս պատվո նախագահ, եւ Հայաստանի ու բրիտանահայ համայնքի անունից երախտագիտություն հայտնեց նրան` հայ-բրիտանական բարեկամության ամրապնդման, Արցախի խնդիրը ՄԹ-ում հանրայնացման ու Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար: Խորհրդարանական պատվիրակության անունից շնորհակալական խոսք ասաց Թեւան Պողոսյանը:
Հայ խորհրդարանականները նաեւ ճանաչողական այցելություն կատարեցին Օքսֆորդ, որտեղ նրանց հյուրընկալեց Ռեդինգի ընտրատարածքից Համայնքների պալատի պատգամավոր ընտրված Անոկ Շարման:
Պատվիրակությունը այցելեց նաեւ Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոն, որտեղ հանդիպեց ամբիոնի վարիչ, հայտնի հայագետ Թեո վան Լինթին:





























