Պակիստանի հյուսիսարեւմտյան Խայբեր-Փախթունքվա նահանգում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է 15 մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Dawn թերթի կայքը:

Ըստ վթարի ականատեսների՝  Բաթագրամ շրջանի լեռնային խճուղով շարժվող ուղեւորատար միկրոավտոբուսը չի կարողացել  անցնել կտրուկ ոլորանը,  բախվել է ճանապարհային պատնեշին եւ գլորվել անդունդը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ավտոբուսից հանել են 15 զոհերի եւ մի քանի վիրավորների մարմիններ, որոնցից երեքը ծանր վիճակում են:

Պակիստանը մարդկային կյանքեր խլած վթարների թվով համաշխարհային առաջատարներից է, որը պայմանավորված է ճանապարհների վատ վիճակով,  տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի նկատմամբ վարորդների անփութությամբ եւ ճանապարհային երթեւեկության կանոնների զանգվածային խախտումներով: