Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 15-ին հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեսպանի խնդրանքով, նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել  երկրում տիրող համակարգային կոռուպցիային, մարդու իրավունքների ոտնահարումներին, արտագաղթի չնվազող տեմպերին, ընտրությունների շարունակական կեղծման ավանդույթին` դրանք համարելով Հայաստանի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներ:

Առաջին նախագահը անդրադարձել է նաեւ ոչ իշխանական Քառյակի համագործակցությանը, մասնավորապես իշխանություններին ներկայացված 12 պահանջներին, ինչպես նաեւ Քառյակի առաջիկա անելիքներին:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային համագործակցությանն եւ անվտանգությանն առնչվող խնդիրներ, մասնավորապես կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության առաջին քարտուղար Քրիստոֆեր Անդերսոնը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ վարչության անդամ Ավետիս Ավագյանը: