Բելառուսի Գրոդնո քաղաքում հունիսի 4-6-ը անցկացվել է Ազգային մշակույթների հանրապետական 8-րդ փառատոնը, որին մասնակցեցին Բելառուսում բնակվող 34 ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում Բելառուսի 6 մարզերի եւ մայրաքաղաք Մինսկի հայ համայնքների ներկայացուցիչները:

Եռօրյա փառատոնի ընթացքում ամենաբարձր գնահատականի են արժանացել հայկական պարի, կենցաղի ներկայացումները, խոհանոցը, ինչի շնորհիվ էլ հայկական տաղավարը ճանաչվել է լավագույնը:

Փառատոնի հանդիսավոր բացմանը մասնակցել է աշխատանքային այցելությամբ Գրոդնոյի մարզ ժամանած Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը, որը Գրոդնոյի մարզպետ Սեմյոն Շապիրոյի հետ ունեցած հանդիպման ընթացքում բարձր է գնահատել Բելառուսում բնակվող ազգությունների համերաշխ գոյակցմանը նպատակաուղղված Բելառուսի պետական քաղաքականությունը, երկրի իշխանությունների կողմից բելառուսահայության նկատմամբ ցուցաբերվող ջերմ եւ ուշադիր վերաբերմունքը:

Հայաստանի դեսպանը եւ մարզպետը քննարկել են նաեւ հայ-բելառուսական ապակենտրոնացված, մասնավորապես` ՀՀ Շիրակի մարզի եւ Բելառուսի Գրոդնոյի մարզի միջեւ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման հետ կապված հարցեր:

Հանդիպելով Գրոդնոյի հայ համայնքի հետ, դեսպան Խաչատրյանը տեղեկացրել է ՀՀ ներքաղաքական կարեւոր իրադարձությունների, արտաքին քաղաքականության ասպարեզում ծառացած խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին: