Հայաստանի ԱԳ նախարարությունում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Լատվիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հայկական պատվիրակությունը ղեկավարել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, լատվիական կողմից` ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Էդուարդս Ստիպրայսը:

Հայ եւ լատվիացի դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարեւորվել է հայ-լատվիական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվել են առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:

Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների եւ նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Նույն օրը լատվիական պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Կարեն Նազարյանը եւ Շավարշ Քոչարյանը: Նշված հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերի: