Առաջիկա հինգ տարիներին Եվրամիության անդամակցության ոչ մի թեկնածու չի կարողանա իրականացնել անհրաժեշտ բոլոր պայմանները:

Այս մասին Եվրախորհրդարանի պատգամավորների առջեւ ելույթում հայտարարել է Եվրահանձնաժողովի նոր կազմի նախագահ, Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը:

«Առաջիկա 5 տարիներին Եվամիությանը ոչ մի պետություն չի անդամակցի: Դժվար է պատկերացնել, որ թեկնածուներից ինչ-որ մեկը կիրականացնի անհրաժեշտ բոլոր պայմանները եւ կկարողանա անդամակցել Եվրամիությանը»,- նշել է նա:

Միաժամանակ, Յունկերը մատնանշել է, որ անդամակցության բանակցությունները շարունակվելու են բոլոր թեկնածուների հետ:

Խոսելով Ուկրաինայի ժողովրդի մասին՝ նա նրանց եվրոպացի է կոչել: «Այդ եվրոպացի ժողովուրդն իր տեղն ունի Եվրոպայում»,- հայտարարել է Յունկերը՝ ոչ մի բառ չասելով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորության մասին: