2010 թվականի առաջին եռամսյակի տվյալներով իր հանգիստը Հայաստանում կազմակերպել է ավելի քան 92 հազար արտասահմանցի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից ավել է 9,4 տոկոսով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
Նրա խոսքով, վատ չեն նաեւ արտագնա զբոսաշրջության տվյալները։ «Իրենց արձակուրդները արտասահմանում անցկացրել է 9 950 հայ զբոսաշրջիկ, ինչը 7,1 տոկոսով ավել է, քան նախորդ տարվա առաջին եռամսյակի տվյալները»,- նշեց Ապրեսյանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ վերջին մի քանի տարիներին ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ գալիս, քան մեկնում են Հայաստանից։
«Մեզ մոտ սալդոն դրական է, վերջին տասը տարիներին հատկապես մեծ է լինում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Օրինակ, այս տարի այդ տարբերությունը կազմում է շուրջ երկու հազար մարդ»,- նկատեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետը։
Անդրադառնալով NEWS.am-ի թղթակցի այն դիտարկմանը, թե տուրիստական գործակալությունների տրամադրած նախնական տվյալներով այս տարի, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ հայեր կհանգստանան թուրքական հանգստավայրերում, Ապրեսյանը նկատեց, որ դա ոչ մի կերպ չի կարող պայմանավորված լինել քաղաքական նկատառումներով կամ վախի մթնոլորտով։ «Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի անցած տարվա այն հորդորին, որ հայ պաշտոնյաները լավ կանեն՝ հանգստանան երկրի ներսում, դա նպատակ ունի զարգացնել ներգնա տուրիզմը, ուրիշ ոչինչ»,- նկատեց Ապրեսյանը։


























