ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ գործերով «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովը:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացման հարցեր: Դեսպանը նշել է, որ ռուսական կողմն առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը եւ կարեւորել կապերի խորացումը Ռուսաստանի նահանգների եւ Հայաստանի մարզերի միջեւ: Նման հարաբերությունների զարգացման հարցերով զբաղվում է «Ռոսսոտրունդիչեստվո» գործակալությունը, որը փորձում է ընտրել այն նահանգները, որոնց համագործակցությունը Հայաստանի մարզերի հետ առավել հեռանկարային եւ արդյունավետ կարող է լինել առեւտրատնտեսական, հումանիտար կապերի խորացման առումով:
Մասնավորապես անդրադարձ է եղել ՌԴ Կրասնոդարի երկրամասի եւ ՀՀ Տավուշի մարզի միջեւ գործակցության հնարավորություններին, քննարկվել են նաեւ Արխանգելսկի, Նիժեգորոդսկի մարզերի հետ կապեր հաստատելու հեռանկարները: Նշվել է աշխատանքներին առավել կազմակերպված բնույթ հաղորդելու անհրաժեշտության մասին, որպեսզի համագործակցությունը պայմանավորված լինի ոչ թե անձանցով, այլ համակարգային մոտեցումներով: Քննարկվել են նաեւ փոխայցելությունների կազմակերպման հարցեր, իսկ համագործակցության ամուր հիմքերի ստեղծման համար կարեւորվեց հնարավորությունների ու ներուժի նախապես ուսումնասիրման խնդիրը:


























