Հոլանդական Just գործակալությունը սկսել է 99 Days Of Freedom նախագիծը, որի մասնակիցները 99 օրով կհրաժարվեն Facebook-ից, գրում է Look At Me կայքը: Նախագծի ավարտին մասնագետները կեզրակացնեն, թե ինչպես է Facebook-ն ազդում մարդկանց երջանկության վրա:
Ավելի վաղ Just-ի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ օգտվողները Facebook-ում միջինն անցկացնում են օրական 17 րոպե: Այսկերպ, կամավորները կարող են 99 օրում 28 ժամ խնայել:
«Facebook-ը անհավանական պլատֆորմ է, եւ մեր կարծիքով այն արժանի է սիրո», − հայտարարել է Just-ի արթ-տնօրեն Մերլին Սթրաթհոֆը:
Այնուամենայնիվ, սոցցանցի մուտքերը չափավորելը էմոցիոնալ զգալի օգուտ կբերի: Ըստ Սթրաթհոֆի կանխատեսման՝ փորձը դրական շատ զգացողություններ կպարգեւի մասնակիցներին:
Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել նախագծի կայքում եւ Facebook-ի գլխավոր նկարի փոխարեն տեղադրել նախագծի լոգոն՝ 99 օրով լքելով սոցցանցը:
Մասնակիցները նաեւ փորձի 33 եւ 66-րդ օրերին պետք է նկարագրեն իրենց տրամադրության փոփոխությունները:
Ըստ նախագծի հեղինակների՝ 99 Days Of Freedom-ը ինքնատիպ պատասխան կլինի հարյուր հազարավոր մարդկանց վրա Facebook-ի կատարած գաղտնի փորձարկմանը, որը լուրջ սկանդալ էր առաջ բերել եւ սոցցանցի ներկայացուցիչներին ստիպել ներողություն խնդրել օգտատերերից:




























