ՌԴ քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարանում միջնորդել է կալանավորել հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ Լեւոն Հայրապետյանին: Վերջինս կասկածվում է «Բաշնեֆթի» վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախությունների մեջ:

Իրավապահ մարմինները «Ռոսբալտին» փոխանցել են, որ Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 160  (զեղծարարություն) եւ 174 (հանցավոր եկամուտների օրինականացում) հոդվածներով: Քննության վարկածով՝  հանցագործությունները կատարվել են 2008թ.-ին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի գործարքի ժամանակ, որի հետ ուղղակի առնչություն է ունեցել Հայրապետյանը: Իբրեւ թե, վերջինս չհիմնավորված կերպով այդ գործարքից խոշոր տոկոս է գումար է ստացել: Անցյալ շաբաթ «Պրեզիդենտ հոթել»-ի գործարարի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվել, որի ժամանակ քննիչները հայտնաբերել են «ՊՄ» հրացանի փամփուշտների երկու տուփ:

Միջոցառումները տեղի են ունենում քրեական գործի շրջանակներում, որն ի սկզբանե հարուցվել էր «կինգիսեպյան» խմբավորման առաջնորդների ու անդամների նկատմամբ:

Ռուսաստանի Քննչական կոմիտեում համարում են, որ հանցագործությունների մի մասը ավազակները կատարել են նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի «պատվերով» եւ դրանք կապված են «Բաշնեւֆտ»-ի շուրջ հակամարտության հետ:

«Սպանություններին Հայրապետյանը կապ չի ունեցել, սակայն տնտեսական մեքենայություններն այդ ընկերության շուրջ քննվում են «կինգիսեպյան գործի» շրջանակներում»,-հստակեցրել է գործակալության աղբյուրը: Նրա խոսքով՝ Հայրապետյանի դեմ ցուցմունքներ է տվել ցմահ ազատազրկման դատապարտված Իզմեստեւը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է Ռուսական Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից  2014թ. հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից  հետ վերադառնալիս եւ հարցաքննվել Քննչական կոմիտեում: Այնտեղ նրան պաշտոնապես հայտարարել են ձերբակալության մասին, իսկ մոտ օրերս Բասմանի դատարանին միջնորդություն է ներկայացվելու Հայրապետյանի կալանքի համար:

Օլիգարխի նկատմամբ միջոցառումներն անցկացվում են Սերգեյ Ֆինագինի կողմից ղեկավարվող հանցավոր խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակներում: Խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին հաղորդել է նախկին պատգամավոր Իգոր Իզմեստեւը, ով այժմ ցմահ ազատազրկման մեջ է:

Լեւոն Հայրապետյանը հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչների տասնյակում է  (10-րդ տեղ):