Investigation Discovery արբանյակային հեռուստաալիքին տուգանել են 171 հազար դոլարի չափով՝ մինչեւ ժամը 21:00-ն կին-մարդասպանների մասին փաստագրական սերիալ ցուցադրելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Բրիտանական հաղորդակցության ոլորտի կարգավորող Ofcom-ի հայտարարությունում ասվում է, որ սերիալը պարունակում է «կտտանքների եւ սպանության վառ եւ ցնցող տեսարաններ»: Մասնավորապես, սերիալում մարդկանց մուրճով հարվածում են, կտրում, էլեկտրականությամբ տանջում, նաեւ սղոցով դիակների անդանահատման տեսարաններ են ցուցադրվում: Gazeta.ru-ի փոխանցմամբ, կազմակերպությունը կարծում է, որ այդ կարող է վնաս հասցնել անչափահաս հեռուստադիտողներին:

Ofcom-ի տվյալներով, Investigation Discovery-ն «Կին մարդասպանների» ութ մաս ցուցադրել է 2013 թվականի օգոստոսի 16-ին, 18-ին եւ 20-ին՝ դպրոցական արձակուրդի օրերին, առավոտյան եւ ցերեկային ժամերի:

Discovery Communications Europe ընկերությունը, որին պատկանում է Investigation Discovery-ն, ներողություն է խնդրել կատարվածի համար եւ վստահեցրել, որ սերիալն այսուհետ հեռարձակվելու է գիշերային ժամերի: