Հայաստանում առկա սոցիալական խնդիրների դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը օգոստոսի 1-ին Մատենադարանի մոտից մոմերով ու լապտերներով երթ կանցկացնի՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ հուլիսի 16-ին, մայրաքաղաքում երթի մասին իրազեկման թռուցիկներ բաժանեցին:
«Երթը «Լուսավորենք խավարը» խորագրով է: Օգոստոսի 1-ից նոր սակագինը ուժի մեջ է մտնում: Հենց այդ օրը էլեկտրաէներգիան հաշվարկվելու է 10%-ով ավելի բարձր սակագնով: Այդ օրն ենք ընտրել, որովհետեւ թանկացումը խավարի է տանում: Մարդիկ էներգիա են խնայում, որ քիչ մուծեն, դա տանելու է նրան, որ էլեկտրաէներգիա քիչ են օգտագործելու: Մենք դա համեմատում ենք խավարի հետ: Լուսավորենք խավարը, այսինքն կանգնենք ու թույլ չտանք, որ մտնեն մեր գրպանը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հարությունյանը:
Նա նշեց, որ երթի գլխավոր նպատակը կառավարությունից պահանջելն է, որպեսզի ստեղծեն անկախ հանձնաժողով ՀԾԿՀ ընդունած որոշումը վերանայելու համար եւ մինչեւ հանձնաժողովի աշխատանքների ավարտը անփոփոխ թողնեն էլեկտրաէներգիայի սակագինը: Նախաձեռնությունը քաղաքացիներին կոչ է արել երթի ժամանակ անջատել էլեկտրաէներգիան: Վարդան Հարությունյանի խոսքով՝ իրենք այդպես ցանկանում են պայքարի մեջ ներգրավել նաեւ այն մարդկանց, որոնք մարզերում լինելով՝ ֆիզիկապես չեն կարողանա ներկա լինել երթին: Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ երթի մասին իրենք այսօր արդեն իրազեկել են քաղաքապետարանին:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց, ըստ որի այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում սպառողների համար էլեկտրաէներգիան կթանկանա 9,9 տոկոսով՝ 3,85 դրամով: Ցերեկային սակագինը բնակիչների համար 38 դրամից կդառնա 41,85 դրամ մեկ կվ/ժամ-ի դիմաց, գիշերային սակագինը 28 դրամից կդառնա 31,85 դրամ: Գիշերային սակագները գործում են ժամը 22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 06.00-ը (մարտի վերջին կիրակիից մինչեւ հոկտեմբերի վերջին կիրակին), եւ ժամը 23.00-ից մինչեւ ժամը 07.00-ն (հոկտեմբերի վերջին կիրակիից մինչեւ մարտի վերջին կիրակին): Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:











