Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթաժողովում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ: Այս մասին հաղորդել է AFP-ի իրազեկ աղբյուրը: Նրա խոսքով՝ խոսքը տնտեսությունում մասշտաբային սահմանափակող միջոցառումների մասին չէ:
ԵՄ առաջնորդները նաեւ հավանություն են տվել Ռուսաստանում Եվրոպական ներդրումային բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող ծրագրերի դադարեցման առաջարկին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը մարտի 17-ին որոշել է պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցի բարձրաստիճան քաղաքական գործիչների նկատմամբ, իսկ ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են ռուսաստանցի եւ ուկրաինացի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին, որոնց նրանք մեղավոր են համարում «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու» համար:





























