Հայաստանի ոստիկանությունն ու ամերիկյան ՀԴԲ-ն համատեղ միջազգային հետախուզման մեջ գտնվող երկու անձի են հայտնաբերել: Այս մասին նշված է Վրաստանում ԱՄՆ իրավական կցորդի՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված նամակում:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ

Վլադիմիր Գասպարյանին

Վրաստանում ԱՄՆ իրավական կցորդի գրասենյակ

Հարգելի պարոն Գասպարյան,

Հետաքննություների Դաշնային Բյուրոն իր հարգանքի հավաստիքն է հղում ՀՀ ոստիկանությանը եւ բարձր գնահատում շարունակական համագործակցությունը մեր ծառայությունների միջեւ:

Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի սպաների գերազանց աշխատանքի վրա: Նրանց հետ համագործակցության արդյունքում վերջերս հաջողվեց հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող երկու անձի:

- Անուշ Ս. ԱՄՆ-ում, առողջապահության բնագավառում, կատարել է մի շարք խարդախություններ: Հասցված նյութական վնասը կազմում է մի քանի միլիոն դոլար:

2014 թ. ապրիլի 9-ին Վաշինգտոնի Ինտերպոլի ԱԿԲ-ն հետախուզվողի վերաբերյալ հարցում էր կատարել Հայաստան: Մի քանի օրվա ընթացքում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողները պարզեցին Անուշ Ս.-ի գտնվելու վայրը, եւ ապրիլի 18-ին նա ձերբակալվեց:

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի, ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության եւ ՀՀ գլխավոր դատախազության ու ՀԴԲ-ի համագործակցության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը ՀՀ քաղաքացի է եւ չի կարող էքստրադիցիայի ենթարկվել: 

Մայիսի 12-ին Ձեր սպաների ջանքերի շնորհիվ ՀԴԲ-ն հնարավորություն ստացավ բանտում հարցաքննելու Անուշ Ս.-ին, ինչի արդյունքում ստացվեցին կարեւոր տեղեկություններ քրեական գործով անցնող նրա հանցակիցների վերաբերյալ: Ավելին, ստացված տեղեկատվությունը ՀԴԲ-ին հնարավորություն ընձեռեց պարզելու հանցագործություն կատարած անձանց միջեւ կապը եւ հանցավոր խմբի կառուցվածքը: Անուշ Ս.-ի տեղեկատվությունը հնարավորություն կտա հայտնաբերելու դեռեւս չպարզված անձանց, որոնք մասնակցել են ԱՄՆ-ում կատարված խոշորածավալ խարդախություններին:

- Արմեն Հ.  մեղադրվում է ԱՄՆ-ում թմրամիջոցներ պահելու եւ տարածելու մեջ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել եւ ըստ սահմանված կարգի` հարցում կատարվել նաեւ Հայաստան:

2014 թ. հունվարի 8-ին նա ձերբակալվել է սահմանային անցակետում` Ռուսաստանից Հայաստան մուտք գործելու ժամանակ:

Հայ իրավապահների եւ ՀԴԲ-ի համագործակցության արդյունքում պարզվել է, որ Արմեն Հ.-ն Ռուսաստանի քաղաքացի է, չունի Հայաստանի քաղաքացիություն, ինչը հնարավորություն է տալիս նրան էքստրադիցիայի ենթարկել ԱՄՆ:

Հայ գործընկերների հետ մի շարք անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելուց հետո, 2014 թ. ապրիլի 30-ին, ՀԴԲ-ի ներկայացուցիչները «Զվարթնոց» օդանավակայանում կալանավորեցին Արմեն Հ.-ին եւ նրան ԱՄՆ տեղափոխեցին առանց որեւէ միջադեպի:

Հարկ է նշել, որ վերջին 7 տարիների ընթացքում սա էքստրադիցիայի առաջին դեպքն է ԱՄՆ եւ ՀՀ միջեւ: Այս փաստը նշվել է ՀԴԲ-ի բարձրագույն ատյաններում, ինչպես նաեւ ԱՄՆ արդարադատության Դեպարտամենտում:

Ձեր սպաների գործողությունները մեծ արժանիքներ բերեցին ՀՀ ոստիկանությանը եւ վկայում են մեր երկրների ու ամբողջ աշխարհի իրավապահ մարմինների միջեւ համագործակցության մասին:

ՀԴԲ-ի եւ ՀՀ ոստիկանության միջեւ հարաբերությունները բարձր են գնահատվում:

Հարգանքով` Դամիան Բրիկո

իրավական կցորդ