Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղյակ չէ, թե հուլիսի 15-ին Մոսկվայում ինչ պատճառով է ձերբակալվել ռուսաստանաբնակ հայ գործարար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանը:
«Լեւոն Հայրապետյանը հայ եւ ղարաբաղցի ժողովրդի արժանի զավակներից է եւ մեծ ներդրում է ունեցել մեր պայքարում, նաեւ հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախի զարգացման գործում։ Թե ինչի համար է ձերբակալվել Լեւոն Հայրապետյանը, ես տեղյակ չեմ»,- ասաց նա:
Նշենք, որ հայ բարերարի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, պնդում է, որ եղբոր ձերբակալությւոնը քաղաքական հաշվեհարդար է։
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ արցախցի գործարար Լեւոն Հայրապետյանին։ Հայ գործարարին ձերբակալելու գործողությունը տեղի է ունեցել քրեական հեղինակություն Սերգեյ Ֆինագինի ղեկավարած հանցավոր խմբավորման գործի քննության շրջանակում։
Հայրապետյանի՝ խմբավորման հետ ունեցած հնարավոր կապի մասին քննիչներին տեղեկացրել է ՌԴ նախկին սենատոր Իգոր Իզմեստեւը, որն այժմ ցմահ ազատազրկման է դատապարտված։





























