ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հուլիսի 16-ին, հանդիպում է ունեցել Շարժայի էմիրության կառավարիչ, դոկտոր Շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասիմիի հետ, որի հետ քննարկել է առեւտրա-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում Շարժայի կառավարիչը եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն ՀՀ պատվո շքանշանին արժանացնելու համար:

Անդրադառնալով Հայաստանի եւ Շարժայի էմիրության միջեւ առեւտրա-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին` Շեյխ Կասիմին վերահաստատեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը` Շարժայում ՀՀ առեւտրատնտեսական կենտրոն հիմնադրելու վերաբերյալ` շեշտելով առավելագույն օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: