Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հունիսի 10-ին մեկնարկել է Համագործակցության Շանհայյան կազմակերպության ամենամյա գագաթնաժողովը:
Երկօրյա հանդիպման գլխավոր թեման դառնալու է իրավիճակը Աֆղանստանում եւ Ղըրղզստանում: Գագաթնաժողովի շրջանակներում կայանալու է լիագումար նիստ, որին կմասնակցեն դիտորդ-երկրների՝ Մոնղոլիայի, Պակիստանի, Հնդկաստանի, Իրանի ներկայացուցիչները:
Գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով կմասնակցեն Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ու Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, հաղորդում է Rbc.ru-ն:
Իրանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե չի մասնակցելու ՀՇԿ գագաթնաժողովին: Բացի այդ, միջոցառմանը մասնակցելու են ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստում քննարկվելու են տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցների գործունեությունը, արդիական միջազգային խնդիրները, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը եւ այլն:
Համագործակցության Շանհայյան կազմակերպությունը ստեղծվել է 2001թ, դրա կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղըրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:


























