Եվրախորհրդարանը Ստրասբուրգի լիագումար նիստում բանաձեւ է ընդունել, որով աջակցություն է հայտնել ուկրաինական կառավարությանը եւ դատապարտել Ռուսաստանի գործողությունները:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Պյոտր Պորոշենկոյի խաղաղ ծրագրին եւ ողջունել ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

 «Եվրախորհրդարանը հայտարարում է, որ Ռուսաստանը մասնակցում է ռազմական գործողություններին եւ զենքի մատակարարումներին, նրան կոչ է անում կատարել միջազգային պարտավորությունները, աջակցել իրական խաղաղ բանակցություններին եւ  իր ազդեցությունն օգտագործել ցանկացած բռնություն դադարեցնելու համար», — ասված է հաղորդագրությունում:

«Ռուսաստանը պետք է սատարի Ուկրաինայի առաջարկած խաղաղ ծրագրին, դադարեցնի կրակը եւ իր վարձկաններին դուրս բերի հատուկ միջանցքներով: Խորհրդարանականները ԵՄ երկրներին կոչ են անում արգելել զենքի վաճառքը Ռուսաստանին եւ Ուկրաինային օգնել գազի ռեվերսային մատակարարումների ապահովման հարցում: Պատգամավորները նաեւ հայտարարել են Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի եւ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի վավերացման պատրաստակամության մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Խորհրադարանը հավանություն է տվել նաեւ Ուկրաինայի կառավարության՝ միակողմանի հրադադարի մասին որոշմանը:

Եվրախորհրդարանի պատգամավորները նաեւ ՌԴ-ին ու Ուկրաինային կոչ են արել ազատել պատանդներին, այդ թվում՝ ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին:

Եվրախորհրդարանը նաեւ նշել է, որ դրական է վերաբերվում ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնմանը: