Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Պետրոս Գյուլգուլյանը բողոքում է, որ ամռան ամիսներին ամեն տարի «կեղծ» պատճառաբանություններով մի քանի շաբաթով անջատվում է Արտաշատ-Վեդի ջրատարը, ինչի հետեւանքով ինքը եւ մյուս գյուղացիներն օրերով չեն կարողանում ոռոգել իրենց այգիները: Պետրոս Գյուլգուլյանն իր բողոքը հայտնելու համար այսօր՝ հուլիսի 17-ին, եկել էր Կառավարության շենքի մոտ: Նա NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ այս տարի ջրատարը վերջին շաբաթներին կրկին անջատված է եղել, իրենք դիմել են «Վեդի» ՋՕԸ, որտեղից պարզաբանել են, որ ջրատարն անջատել են՝ այն մաքրելու համար: 

«Ամառվա կեսին Արտաշատ-Վեդի ջրատարն անջատվում է: Նորտունկ պտղատու այգի է, 20 օր չես ջրել, չեկ ես հանում, որ ջրես, պարզվում է, որ ջրատարն իբր մաքրելու համար անջատել են: Ջրատարը գարունը մաքրում են, էդտեղով կեղտ չի հոսում, ընդամենը ջուր է հոսում: Մի հատ ըդտեղ փող են լվանում, իբր ջրատարը մաքրեցինք, բացի այդ հարց ա՝ ջրատարը մաքրեցին, թե ինչ-որ մեկի հեկտարները ջրեցին դրանից վերեւ»,- ասաց Պետրոս Գյուլգուլյանը: Նրա խոսքով՝ գյուղացիներին ջուր չտալու պատճառն այն է, որ տեղանքում կան նաեւ պաշտոնյաներ, որոնք մի քանի տասնյակ հեկտարներով այգիներ ունեն. դրանք ջրելու համար մեծ քանակությամբ ջուր եւ օրեր են հարկավոր:

«Էդ 15 մետրի վրա 150 հեկտար այգիներ ունեցող անձնավորություններ կան, որոնցից մեկը Վեդիի քաղաքապետն ա, մյուսը՝ Կառավարությունում վերեւում նստածներից մեկն ա»,-ասաց Պետրոս Գյուլգուլյանը՝ նշելով, որ ստացվում է՝ իրենք գումար են վճարում, որի դիմաց իրենց այգիներն են ջրում պաշտոնյաները:

«Էդ ջուրը վերեւ ա մղվում պոմպերով: Պոմպն աշխատում ա շարժիչով: Մատոռի էլեկտրականության գինը օրական կազմում է 300-400 հազար դրամ: Ես խի՞ պիտի վճարեմ, իրանք իրանց դաշտերը ջրեն: Ինչի՞ ինձ ջուրը պետք է 40 օր հետո տան ջուրը: Բա որ ես 40 օր հետո նորատունկ այգիս ջրեմ, նույնն ա, որ մահացած մարդուն ջուր տան, կկենդանանա՞: Այգիներս չորանալու են վաղը, ո՞վ ա փոխհատուցում տալու»,-բողոքեց գյուղացին:

«Վեդի» ՋՕԸ տնօրեն Մարտիկ Առաքելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ջրատարն անջատված չի եղել, Արտաշատի ջրանցքն է փակ եղել, այն էլ միայն 4 օրով:

«Դա նորություն չի, ամեն տարի էլ անում են էդպես: Մի քանի օրով փակում են, որ խոտը մաքրեն: Այլապես թվում է, թե ջուրը հոսում է, բայց այն կանգնած է: Այդ մասին բոլորն էլ, մարզպետն էլ տեղյակ է եղել: Պետրոս Գյուլգուլյանին էլ բոլորն են ճանաչում, ինքը 100 տարի է՝ կլյաուզիաներով է զբաղված»,-ասաց Մարտիկ Առաքելյանը: