Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության փոխդեսպան Գեորգիոս Պապակոստասին եւ Հունաստանի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Քրիստոս Դովասին` ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Հունաստանի ռազմական կցորդին եռամյա առաքելության ընթացքում իրականացված մեծածավալ աշխատանքի համար: Կողմերը փաստեցին, որ վերջին տարիների ընթացքում հայ-հունական ռազմական համագործակցությանը ծավալը շեշտակի աճել է եւ ակտիվացել են բարձրաստիճան փոխայցելությունները:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը հայ-հունական ռազմական համագործակցության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հունաստանի ռազմական կցորդին պարգեւատրեց ՀՀ զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով:




























