Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը մինչեւ հոկտեմբերի վերջ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Սոչի կատարած այցին։

«Մինչեւ հոկտեմբերի վերջ մենք կանդամակցենք, մնացածի մասին էլ կառավարության լրատվականը հաղորդագրություններ է ուղարկել»,- ասաց նա։

Սոչի կատարած այցի եւ ԵՏՄ-ին անդամակցելու մասին այլ հարցերի վարչապետը հրաժարվեց պատասխանել՝ նշելով անընդհատ, թե ինքն արդեն այդ հարցին նախկինում պատասխանել է։

Լրագրողների այն հարցին, թե վերջապես Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետ տեղադրվելու է՝ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե ինքը նախկինում այդ մասին խոսել է։

Նշենք, որ վարչապետն արդեն երրորդ անգամ հրաժարվում է պատասխանել այս հարցին։